Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստորեն, ես մի ակտ եմ «թալանել», էն էլ 11 ամիս առաջ․ Ռուբեն Մխիթարյան
«Եթե այս ամեն ինչը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը տասն օր և կանչում են Երևանի քննչական ՝ 2024թ․-ի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, վստահաբար կարող ենք ասել, որ սա քաղաքական ուղորդված ակցիա է։ Իսկ քաղաքական հետապնդում է, թե ոչ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք , կերևա»,- լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։
Նա հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչի համար են կանչել հարցաքննության։
«Գերագույն քընփըխը եկել էր Գյումրի և լաչառավարի հայտարարում էր,թե քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի։ Հիմա պարզվում է՝ ես ինչ-որ մի ակտի համար եմ մտել։ Փաստորեն, ես մի ակտ եմ «թալանել», էն էլ 11 ամիս առաջ։ Ես չգիտեմ, հիմա կմտնենք կիմանանք »,- ասաց նա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով,թե ինչու է զրկված եղել վարորդական իրավունքից։
«Ես զրկված եմ եղել իմ վարորդական իրավունքից 2023թ․-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․-ի հունիսի 22-ը։ Հունիսի 25-ին ստացել եմ վարորդական իրավունքս հետ և վարում եմ մեքենան 11 ամիս»,- ասաց Մխիթարյանը։
Իսկ թե ինչու էր զրկվել վարորդական իրավունքից՝ ասաց․ « Շատ հայկական պատմություն՝ բալերս պրծել էր։ Իմ համար ծիծաղելի է, որ 11 ամիս այդ մասին չխոսել ու կանչել քարոզարշավի ժամանակահատվածում, երբ ընդամենը տասն օր է մնացել ու ասել՝ չգիտես ում ես զանգում։ Առավել ևս, եթե չգիտես ում ես զանգում՝ «Ռուբեն ջան»-ը ո՞րն է»։
Նշենք, որ այսօր Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը քննիչ Դավթյանի կողմից հրավիրվել է Ոստիկանության քննչական բաժին հարցաքննության մոտ մեկ տարի առաջ՝ 2024-ի մայիսին մեքենան առանց վարորդական վկայականի վարելու հիմնավորմամբ։



